12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը՝ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է: Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի սահմանին նախօրեին զինծառայող է զոհվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին եւ հարազատներին»: