Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD ընկերության փորձագետները մանրամասն անդրադարձել են փորձաքննության արդյունքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի: Ավելի ուշ վարչապետը Facebook-ի իր էջում ներկայացրեց քննարկման մանրամասներն ու տեսագրությունը. «Երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն: Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի: Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը: Ստորեւ, ինչպես խոստացել էի, ներկայացված է երեկվա քննարկումն ամբողջությամբ»,- գրել է Փաշինյանը: