26.08.2026
Վրաստան-Ադրբեջան «միջանցքը» հենվում է տնտեսական և գեոպոլիտիկ շահերի վրա
19.03.2020
Վրաստան-Ադրբեջան «միջանցքը» հենվում է տնտեսական և գեոպոլիտիկ շահերի վրա

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիա-Կասպից ծով տարածաշրջանում պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնց թվում են ղարաբաղյան հակամարտությունը, թյուրքական ու իսլամական գործոնը, ինչպես նաև Ադրբեջանի գեոպոլիտիկ դիրքը տարածաշրջանում: Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները բացակայում են: Ադրբեջանը Հարավային Կովկասում իր հարաբերությունները կառուցում է հենվելով հենց այս հանգամանքի վրա՝ՀՀ-ի տարածաշրջանում մեկուսացնելու ու հնարավոր բոլոր տնտեսական նախագծերից դուրս թողնելու համատեքստում: Այս առումով Ադրբեջանը տասնամյակներ շարունակ էներգետիկ-տրանսպորտային խորը հարաբերություններ է հաստատել իր հարևան Վրաստանի հետ, որպես կապող օղակի՝Թուրքիայի հետ: Վրաստանի տարածքով են անցնում ադրբեջանական նավթագազային, էներգետիկ խոշոր լոգիստիկ հզորություններն ու ճանապարհը դեպի Սև ծով ու վրացական նավահանգիստներ: Վրաց-ադրբեջանական հարաբերությունների հիմքում Բաքվի համար ընկած է ՀՀ-ին մեկուսացնելու ու դեպի Թուրքիա ելքեր ունենալու ռազմավարությունը, ինչպես նաև Վրաստանում բնակվող ադրբեջանական համայնքին աջակցելու տրամաբանությունը: Տեղի ադրբեջանցիները պետք է լինեն բալանսավորող գործոն՝վրացահայ համայնքին ու Բաքվի լոբբիստները հանդիսանան Վրաստանի ներսում: Վրաստանում գործում է Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրես կազմակերպությունը, որը միավորում է տեղի ադրբեջանցիներին: Բաքվի ազդեցությունը հատկապես մեծ է Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում՝Քվեմո-Քարթլի, որն ադրբեջանցիներն անվանում են Բորչալու: Բաքվի գեոպոլիտիկ շահերից է բխում Վրաստանում թյուրքական տարրի ամրապնդումը, այդ թվում իսլամական գործոնի ուժեղացումը Վրաստանի բոլոր շրջաններում՝այդ թվում Աջարիայում, որտեղ Անկարան տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիա է իրականացնում տասնամյակներ շարունակ: Թուրք-ադրբեջանական տանդեմը նաև լոբբինգ է անում թուրք-մեսխեթցիների վերադարձը Ջավախք, ինչը սակայն չի բխում Վրաստանի ազգային-պետական շահերից ու Թբիլիսին մի շարք բյուրոկրատական խոչընդոտներ է ստեղծել թուրք-մեսխեթցիների վերադարձը Սամցխե-Ջավախեթիա կանխելու համար: Նշենք, որ երկու երկրները ՎՈւԱՄ(Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) կազմակերպության անդամ են և միջազգային հարթակներում պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ՎՈւԱՄ-ը Արևմուտքի կողմից ընկալվում է, որպես այլընտրանք ԵԱՏՄ-ին: Դրան զուգահեռ, ամրապնդվում են երկկողմ ռազմական կապերը՝Բաքուն ու Թբիլիսին համատեղ զորավարժություններ են անցկացնում: Վրաստանը տնտեսական դիվիդենտներ է քաղում իր տարածքով անցնող ադրբեջանական նավթագազային լոգիստիկայից, ինչպես նաև փորձում է վերածվել տարանցիկ միջանցքի նաև Կենտրոնական Ասիայի երկրների համար՝Արևելք-Արևմուտք միջանցքի շրջանակներում: Վրաց-ադրբեջանական հարաբերություններում չնայած առկա որոշակի խնդիրների՝սահմանների հստակեցման առումով, Թբիլիսին ու Բաքուն շարունակելու են ամրապնդել երկկողմ կապերը՝շեշտը դնելով տնտեսական ու գեոպոլիտիկ ընդհանուր շահերի վրա: Վրաց-ադրբեջանական կապերի խորացմամբ հետաքրքրված են նաև Թուրքիան՝դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա ելք ունենալու համար, ինչպես նաև Արևմուտքը՝ՌԴ-ն շրջանցող բոլոր միջանցքները կասպյան-կենտրոնականասիական տարածաշրջանից դեպի Եվրոպա անցնում են Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռանկյունով: Վարդան Վարդանյան