Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: "Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը: Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում: Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը", - ասված է Մարությանի գրառման մեջ: