ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է կամ հրաժարական տա, կամ ներողություն խնդրի ընդդիմադիր խմբակցություններից այն բանի համար, որ չի ներկայացել ԱԺ խորհրդի նիստին՝ քննարկելու ընդդիմադիր խմբակցությունների՝ արտահերթ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ ընթացիկ քառօրյայի օրակարգի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզապես չի եկել արտահերթ նիստին, Մարուքյանը որոշել է նրան հիշեցնել այն գործառույթների մասին, որոնք ըստ օրենքի պետք է կատարի խոսնակը։ Նա նշեց, որ Միրզոյանը պետք է հասկանա, որ ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության անդամ է, այլև Ազգային ժողովի նախագահ։ Մարուքյանն ընդգծել է, որ այդ պաշտոնը պարտավորեցնում է Միրզոյանին անկողմնակալ լինել ցանկացած հարցում եւ յուրատեսակ «արբիտրի» դեր խաղալ խորհրդարանում: «Եթե «իմ քայլը» խմբակցությունը քաղաքական որոշում է կայացրել բոյկոտել խորհրդի նիստը՝ ընդդիմության նախաձեռնությունը քննարկելու համար, դուք պարտավոր էիք ներկայանալ, բացել նիստը եւ հայտարարել ընդունված որոշման մասին։ Ձեր գործողությունները ցույց տվեցին, որ դուք չեք կատարում ձեր պարտականությունները», - ընդգծել է ընդդիմադիրը։ Նա հիշեցրել է, որ ԱԺ նախագահը երկրորդ կամ երրորդ պաշտոնյան է Հայաստանում, սակայն ոչ մի դերակատարություն չունի ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում: «Կարո՞ղ եք ասել, թե ինչ դեր եք խաղում այս գործընթացում»,- հարց է ուղղել պատգամավորը։ Մարուքյանը խոսնակին կոչ արեց հրապարակային ներողություն խնդրել իր գործողությունների համար կամ հրաժարական տալ, քանի որ նա չի կատարում իր հիմնական առաքելությունը։