COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից: Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ: Այս պահին COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։ Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։ ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը: