1.05.2026
Մեծամասնությունը հերթական անգամ մերժեց Արցախի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունը
13.09.2021
Մեծամասնությունը հերթական անգամ մերժեց Արցախի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունը

ԱԺ-ն մերժեց օրակարգում ընդգրկել «ԱԺ մշտական խորհրդարանական հանձնաժողովներ ձևավորելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջարկը: Հարցն օրակարգում ընդգրկելու օգտին քվեարկել է 30 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0: Հարցը մերժվեց քվորումի բացակայության պատճառով, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, բոյկոտեց քվեարկությունը։ Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերանվանել արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերով հանձնաժողով։ Առաջարկվում էր նաև հանձնաժողովի գործառույթները լրացնել Արցախին առնչվող հարցերով։ Ներկայացնելով փոփոխությունների նախագիծը՝ նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները մերժվել են պետական-իրավական հարցերի գլխադասային հանձնաժողովում: Նա ընդգծել է, որ եթե խորհրդարանը չի համարձակվում օգտագործել Արցախի Հանրապետության ձեւակերպումն իր պաշտոնական փաստաթղթերում եւ հանձնաժողովների անվանումներում, դա վկայում է թուլության եւ մշտական զիջումների պատրաստակամության, այլ ոչ թե ռացիոնալ մոտեցումների մասին: Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ խորհրդարանը պարտավոր է առավել վճռական քայլեր ձեռնարկել եւ հստակ ազդանշաններ ուղարկել ինչպես Հայաստանի բարեկամներին, այնպես էլ թշնամիներին։ Նա նշել է, որ եթե իշխող ուժն իսկապես ձգտում է լինել ինքնիշխան պետության խորհրդարանական մեծամասնությունը, ապա պետք է հասկանա, որ քվեարկությունից ձեռնպահ մնալուց հետո երկրում խնդիրները չեն լուծվի: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ընդդիմության ներկայացրած փոփոխությունների նախագիծը չի լուծում երկրի առջեւ ծառացած խնդիրները: Առաջարկվող գործառույթների մի մասը կրկնօրինակում են հայ-արցախյան միջխորհրդարանական հանձնաժողովի գործառույթները, մյուս մասն արդեն մտնում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիազորությունների մեջ, կան ոլորտներ, որոնցով զբաղվում են Մարդու իրավունքների, պաշտպանության եւ անվտանգության եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովները։ Վարդանյանը գործընկերներին կոչ է արել չմասնակցել այդ հարցի քվեարկությանը։ Իր հերթին «Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում պահանջեց, սակայն օրակարգում ընդգրկվելու անհրաժեշտության հարցում գործընկերներին համոզել չհաջողվեց։