Եթե որոշեմ հրաժարական տալ, ապա ձեզ քաղաքականապես տապալելու նպատակով. Դարբինյանը Փաշինյանին
Եթե որոշեմ հրաժարական տալ, ապա մեկ նպատակով՝ քաղաքականապես Ձեզ տապալել: Այս մասին ասված է ՀՀ նախկին վարչապետ, Հայ–ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի բաց նամակում, որը նա հրապարակել է Facebook-ի իր էջում՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։
«Վերջին ամիսների ընթացքում Ձեր ամենօրյա ազգակործան եւ պետականաքանդ գործունեությանը զուգահեռ վարչապետի աշխատակազմի եւ ԿԳՍՄ նախարարության զգալի ուժեր լծել եք Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորին պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը: Համոզվելով սակայն, որ նման տվայտանքները անիմաստ են եւ անարդյունք, Դուք գնացիք առավել Ձեզ բնորոշ եւ հարազատ ճանապարհով՝ անձնական օգտագործման ԱԱԾ-ի միջոցով փոխանցեցիք ինձ ռեկտորի հրաժարականի պահանջ:
Միանգամից ասեմ, որ ծիծաղելով մերժում եմ Ձեր այս անհեթեթ պահանջը՝ համարելով սակայն, որ Ձեր հոտառությունը Ձեզ չի դավաճանել. ի դեմս ինձ եւ իմ համակիրների Դուք ունեք եւ ապագայում կունենաք ամենաջերմեռանդ քաղաքական հակառակորդներ, եւ եթե ես երբեւիցե որոշեմ հրաժարական տալ, ապա այն կունենա միայն մեկ նպատակ. քաղաքականապես Ձեզ տապալել եւ քոքահան անել նիկոլիզմը Հայաստանյան քաղաքական ասպարեզից:
Բնավ զարմանալի չէ, որ Դուք հանդգնել եք Ձեր թարախակալ հայացքը նետել եւ անարժան ձեռքը բարձրացնել մեր համալսարանի վրա. այն Արժեքները, որոնք դրված են մեր գործունեության հիմքում, տրամագծորեն հակառակ են Ձեր անձի էությանը եւ հոգեկերթվածքին: Մեր Արժեքներն են. Սերը, Ազատությունը, Արժանապատվությունը, Արդարությունը, Ստեղծարարությունը, Համերաշխությունը, Իմացությունը եւ Անձնային աճը: Ձեզ հոգեհարազատ են հակառակ հասկացությունները. ատելությունը, թշնամանքը, բռնաճնշումը, քանդումը, տգիտությունը, խառնակչությունը, սողունությունը:
Կա եւս մի պատճառ՝ իմ եւ իմ գլխավորած համալսարանի նկատմամբ Ձեր թշնամանքի դրսեւորման. դա Ձեր հակառուսական էությունն է, որը Դուք երբեք չեք թաքցնի, անգամ Ձեր այժմյան կռացած եւ վասալային կեցվածքի տակ: Գաղտնիք չէ, որ Հայ-Ռուսական համալսարանի մեկնարկը տրվել է ՌԴ վարչապետ Պրիմակովի եւ ՀՀ վարչապետ Դարբինյանի ջանքերով եւ որոշումներով, վերջինս իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է համալսարանի կայացմանը, եւ այսօր հպարտ է գլխավորել Հայաստանի լավագույն համալսարանը, որը նաեւ մեր երկրների եւ ժողովուրդների եղբայրական կապի եւ դաշնակցային հարաբերությունների դրսեւորման բացառիկ օրինակ է: Այս ամենը խորթ է Ձեզ, քանի որ Դուք անհաղորդ եք հայ-ռուսական բարեկամությանը, եւ ըստ ամենայնի ի սկզբանե ստացել եք Ձեզ կառավարող կենտրոններից այս եզակի հզոր կառույցի կազմաքանդման հրահանգ: Ապա իմացեք, որ ես դա Ձեզ երբեւիցե թույլ չեմ տա:
Եվ վերջինը. հաշվի առնելով Ձեր հիստերիկ եւ անբռնազբոս խառնվածքը, որի մասին հանրությանը վաղօրոք տեղեկացրել էր ԱԱԾ արժանապատիվ սպա գնդապետ Համբարձումյանը, նրա հետնորդ Աբազյանը, որը ամենայն հավանականությամբ համաձայնվել է ծառայել Ձեզ որպես անձնական օգտագործման առարկա, այլեւս ԱՆՁՆԱՊԵՍ է պատասխանում ՀՀ 7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանի անվտանգության համար»,- ասված է նամակում։