ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ հանձնաժողովի կողմից «Ի գործ» ծրագրի փորձագետ Թերեզա Դավթյանին ներկայացնելու նպատակով: Մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության կարեւորությունը: ««Ի գործ» ծրագիրը նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու սփյուռքահայերի հայրենադարձությանը», - ասել է Թագուհի Թովմասյանը: ԱԺ պատգամավորը ներկայացրել է նաեւ հանձնաժողովի առաջիկա անելիքները: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Հարությունյանը նշել է, որ Կառավարության գործունեությունն ուղղված է Սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման, ինքնակազմակերպման եւ ազգային ինքնության հարցերում աջակցությանն ու սփյուռքահայերի մեր երկրում ինտեգրմանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ «Ի գործ» ծրագրի նպատակային իրականացման արդյունքում շուրջ 30 սփյուռքահայ որոշում են կայացրել մնալ հայրենիքում: Նրանց մի մասն արդեն անցել է աշխատանքի պետական եւ այլ կառույցներում: Հերմինե Հարությունյանը շեշտադրել է օրենսդիր մարմնի հետ գործակցության անհրաժեշտությունը: Փորձագետ Թերեզա Դավթյանը նշել է, որ փորձն ու գիտելիքները ներդնելով՝ իր նպաստը կբերի «Ի գործ» ծրագրի իրականացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցության այլ հարցերի: