21.09.2024
Հայաստանում խստացնում են հեղուկ վառելիքի առևտրի կետերին ներկայացվող պահանջները
23.03.2021
Հայաստանում խստացնում են հեղուկ վառելիքի առևտրի կետերին ներկայացվող պահանջները

Խորհրդարանն այսօր՝ մարտի 23-ին, սկսեց երկրորդ ընթերցմամբ քննարկել կառավարության ներկայացրած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Երկրորդ ընթերցմամբ կառավարությունը ներկայացրել է օրինագիծը զգալի փոփոխություններով եւ լրացումներով։ Սկզբնական տարբերակին նախատեսվում էր միայն 1 լրացում կատարել, որ հեղուկ գազով բալոնների վրա նշվեր, թե ինչ նպատակի համար է այն պետք օգտագործել՝ կենցաղում կամ ավտոտրանսպորտային միջոցներում։ Իսկ հիմա կառավարությունն առաջարկում է նաև հանրային վերահսկողության մեխանիզմներ մտցնել։ Ինչպես պարզաբանել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, հեղուկ վառելիքի առեւտրի կետերը պետք է ապահովեն փորձաքննություն անցած տարաների պարտադիր առկայությունը եւ հաճախորդի պահանջով հեղուկ վառելիքի իրացում իրականացնեն այդ տարաների միջոցով: Տարաների տեղադրման եւ ստուգման կարգը կհաստատվի կառավարության կողմից, հայտարարել է Սիմոնյանը: Նման կարգավորումը թույլ կտա սպառողներին համոզվել ծավալներում: Եթե խախտում հայտնաբերվի, սպառողն իրավունք ունի տեսչական մարմնին դիմել ստուգումներ անցկացնելու պահանջով։ Խախտման փաստի հաստատման դեպքում կատարված ստուգման ընթացքում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կկիրառվի տուգանք: Օրինագծով ավելանում են նաեւ նման խախտումների համար տուգանքների չափերը։ Մասնավորապես, որակի կամ ծավալների անհամապատասխանության դեպքում տուգանքը կկազմի մոտ 1 մլն դրամ, եթե խախտումները կրկնվեն մեկ տարվա ընթացքում տուգանքի չափը կրկնապատկվի։ Փորձաքննություն անցած տարայի բացակայությունը տնտեսվարող սուբյեկտներին կարժենա 500 հազար դրամ տուգանք, խախտման կրկնության դեպքում՝ 1 մլն դրամ։