31.10.2025
Քաղաքական դրդապատճառներ, խիստ մտահոգիչ. Արման Թաթոյանը ՊՆ պաշտոնական տեսանյութի մասին
23.03.2022
Քաղաքական դրդապատճառներ, խիստ մտահոգիչ. Արման Թաթոյանը ՊՆ պաշտոնական տեսանյութի մասին

Խիստ մտահոգիչ էր լսել, թե ինչպես էր ՀՀ ՊՆ-ն պաշտոնական տեսանյութով արդարացնող ձևակերպումներով մանրամասն նկարագրում ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման հանցավոր արարքները և անհավանական էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էր ՊՆ-ն հիմնավորում, որ Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքը ՀՀ ներխուժած ադրբեջանական դիտարկման ներքո չէ ու հետևաբար՝ անվտանգության հարցեր չկան: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:"Ձևակերպումներից ակնհայտ է, որ դա արվել է քաղաքական դրդապաճառներով՝ թույլ չտալու համար քաղաքական բնույթի դժգոհություններ և Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական ներխուժման փաստը մեր հանրությունից թաքցնելը, այդ ներխուժումը չկանխելը արդարացնելու համար:ՊՆ այդ հայտարարությունը խիստ դատապարտելի է, քանի որ անտեսում է ՀՀ սահմանային բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքների հարցերը:Օբյեկտիվ փաստերն են հաստատում, որ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են հայտնվել մարդկանց արոտավայրերի մեծ մասը [մի քանի տասնյակ հեկտարով], վարելահողեր ու այգիներ, գերեզմանատունը և քաղաքացիական այլ վայրեր: Մարդիկ հայտնվել են հողագործությամբ ու անասնապահությամբ իրենց ընտանիքի եկամուտը վաստակելու լրջագույն դժվարությունների առաջ, նրանց մի մասն առհասարակ զրկվել է այդ տարածքներն օգտագործելու հնարավորությունից:Դիտարկումն էլ ո՞նց է լինում: ՊՆ-ի պարզաբանումից ու տեսանյութից ստացվում է՝ պետք է գյուղի ամեն տան մոտ տեղակայվի ադրբեջանական զինվորական, որպեսզի գյուղը համարվի դիտարկվո՞ղ: Դեռ մի հատ էլ հին ու նոր գյուղերի տեղակայման համեմատական ուսումնասիրություն են արել: Անվտանգությունն այսպե՞ս է որոշվում, սա ի՞նչ մոտեցում է: Ադրբեջանական հանցավոր արարքների լեգիտիմացումն ու մարդկանց անվտանգության անտեսումն ուրիշ ի՞նչ ձև է լինում:Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ երեկվա պարզաբանումը ՀՀ պետական մարմինների այն դատապարտելի հայտարարություններից է, որ օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ. որքան էլ միջազգայնորեն պնդենք, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է դուրս մղվեն մեր գյուղերի մոտից այն հիմքով, որ խաթարել են մարդկանց անվտանգությունը, անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական կողմը ՀՀ-ի դեմ օգտագործելու է ՊՆ երեկվա տեսանյութը և ՊՆ նախորդ պարզաբանումը՝ պատճառաբանելով, որ «իրենց զինվորականները Ներքին Հանդի մոտ ուղղակի «անմեղ» տեղակայված են և որևէ բարդություն մարդկանց համար կամ անվտանգության հարցեր չեն առաջացրել. հետո՞ ինչ, որ ներթափանցել են ՀՀ տարածք»:Ուստի, ՊՆ երեկվա պարզաբանումը լեգիտիմություն չունի և չի կարող հիմք ընդունվել ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու կամ որոշելու, ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցերում, հատկապես՝ միջազգային ատյաններում:Իրականում, ՀՀ ՊՆ-ն, եթե անելու էր հայտարարություն, ապա պետք է ցույց տար, որ ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր արարքներով խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը և ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Ներքին Հանդ, պետք է ներկայացներ, թե այդ երկրի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս մղելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում կամ առնվազն պնդում արվեր այն մասին, որ ՀՀ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն, այլ ոչ թե ղեկավարվեր քաղաքական դրդապատճառներով ու արդարացներ սեփական արարքներն, ադրբեջանական ներխուժումները հանրությունից թաքցնելը և ադրբեջանական զինվորականների արարքները ներկայացներ՝ որպես «անմեղ» տեղակայում":