«Հեշտ հանգուցալուծում չեմ ակնկալում, բայց...». ԿԲ ապօրինություններով կզբաղվի պետական կառույցը

Վերջերս VERELQ-ն անդրադարձել էր քաղաքացի Սամվել Սահակյանի խնդրին, ում անձնական տվյալները Կենտրոնական բանկ այցելելուց հետո հայտնվել էին երրորդ անձի ձեռքում:

Հիշեցնենք, Սահակյանն այցելել էր Կենտրոնական բանկ, որտեղ փաստաթուղթ էր մուտքագրել՝ վարկային կազմակերպության հետագա գործունեության հետ կապված: Ավելի ուշ երրորդ անձը դիմումատուին է ուղարկել Կենտրոնական բանկի տեսախցիկների այդ օրվա լուսանկարները, որտեղ պատկերված է քաղաքացին կնոջ հետ բանկ այցի ժամանակ և առաջարկել հանդիպել:

Նախօրեին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, ուսումնասիրելով ՀՀ քաղաքացի Սամվել Սահակյանի դիմումը և կից նյութերը, որոշում է կայարցել քաղաքացու դիմումի հիման վրա հարուցել վարչական վարույթ: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ 2017 թվականի հունվարի 12-ին խնդրին նվիրված հրավիրվել են լսումներ: Այս մասին VERELQ-ին տեղեկացրեց Սամվել Սահակյանը:

«Ես շատ ուրախ եմ, որ պետական կառույցները, այդ թվում և Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նման հարցերի դեպքում կանգնում են քաղաքացու կողքին և ադեկվատ արձագանքում իրավիճակին: Բացի այն, որ մենք արդեն դիմել ենք իրավապահ մարմիններին, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ևս անմասն չմնաց գործին ընթացք տալու և վարույթ հարուցելու իմ էլեկտրոնային դիմումի հիման վրա: Ես սա իսկապես լուրջ հաղթանակ եմ որակում, որ պետությունը օգնում է քաղաքացուն իր անձնական տվյալները պաշտպանելու գործում»,- ասաց Սահակյանը: Իհարկե, նշեց նա, սա լուրջ ու բարդ գործ է ու հեշտ հանգուցալուծում ինքը չի ակնկալում՝ հաշվի առնելով, որ մյուս կողմում Կենտրոնական բանկն է, բայց իր համար անչափ ոգևորիչ է, որ պետական կառույցները իրեն չթողեցին միայնակն ԿԲ հետ պայքարում:

Ինչ վերաբերում է բուն գործին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ այս ընթացքում իր հետ ԿԲ-ից կապ չեն հաստատել, պարզապես իրեն տարբեր մարդիկ ասել են, թե սա շատ կեղտոտ գործ է և խորհուրդ են տվել չմտնել այդ գործի մեջ: Եվ իրեն չափազանց հետաքրքրել է հենց այդ հանգամանքը, թե ինչպե՞ս կարող է Կենտրոնական բանկը կեղտոտ գործերի մեջ լինել.

«Ամեն դեպքում ես պատրաստվում եմ պայքարել մինչև վերջ, որքան էլ կեղտոտ ու մութ գործերի հետ այս ամբողջ պատմությունը առնչություն չունենա: Ինձ նաև ոգևորում է այն հանգամանքը, որ այս խնդրի մասով հրապարակումներից հետո ինձ շատերն են խոստովանել, որ նման խնդիրներ իրենք էլ ունեցել են, բայց չեն բարձրաձայնել այդ մասին ու ընթացք չեն տվել: Կարծում եմ, իմ վարույթը այդ իմաստով գոնե լավ նախադեպ կդառնա՝ անկախ արդյունքից, որ կարձանագրենք, բայց մարդիկ այլևս չեն վախենա պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները, տեսնելով, որ պետական կառույցները իրենց միայնակ չեն թողնում խնդիրների հետ»,- շեշտեց նա:

Ի դեպ, Սամվել Սահակյանը մտադիր է այս հարցով դիմել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ինչպես նաև ՀՀ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովներին, որպեսզի խնդիրը, որ, համոզված է, միայն իրեն չի վերաբերվում, դառնա քննարկման առարկա Հայաստանի օրենսդիր մարմնում.

«Այս գործը շատերի համար կարող է ուղերձ լինել, որ սեփական իրավունքների պաշտպանության համար պայքարելը ճիշտ է ու այլընտրանք չունի»,- հավելեց մեր զրուցակիցը:

Լիա Խոջոյան