Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ զենքի վաճառքից 2017 թվականի ընթացքում ստացված գումարը կազմում է առնվազն 15 միլիարդ դոլար: Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, պայմանագրերի պորտֆելը, որոնց իրագործումը սկսվելու է մոտ ապագայում, կազմում է առնվազն 45 միլիարդ դոլար: Ընդ որում՝ նոր պայմանագրերի ծավալը մոտենում է անցած տարվա ընթացքում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի տարեկան շրջանառությանը: 2017 թվականին կնքվել են սպառազինության, ռազմական տեխնիկայի մատակարարման և պրոֆիլային ծառայությունների տրամադրման վերաբերյալ ավելի քան 16 միլիարդ դոլարի նոր պայմանագրեր:Կոժինի խոսքով՝ 2017 թվականին իրագործված պայմանագրերի ցանկում են Իրան ռադիոտեխնիկական հետախուզության համալիրների, կապի արբանյակային միջոցների մոնիթորինգի սարքավորումների և այլ ոչ հարձակողական ռազմական տեխնիկայի մատակարարումները: Նա նշել է, որ 2017 թվականին զգալիորեն փոխվել է ոլորտում պոտենցիալ գործընկերների աշխարհագրությունը, ՌԴ-ն սկսել է պայմանագրեր կնքել և նախապատրաստական աշխատանք վարել երկրների հետ, որոնք նախկինում կամ քիչ էին զենք գնում Ռուսաստանից, կամ ընդհանրապես չէին գնում: Նման երկրների թվում են Սաուդյան Արաբիան, Քաթարը, Բահրեյնը, Նիգերը: