ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-յան էջում նախազգուշացրել է Մոսկվային Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին: «Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Ռուսաստան պատրաստվի՛ր, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու հետ», - մասնավորապես գրել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ներկայումս ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն ավելի վատն են, քան սառը պատերազմի ժամանակ: Նշենք, որ ավելի վաղ Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը հայտարարել էր, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը, կկործանվեն: