Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր է ստորագրել: Ըստ դրա՝ սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը․ 1. պետական նախարար, 2. Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն, 3. Առողջապահության նախարարություն, 4. Արդարադատության նախարարություն, 5. Արտաքին գործերի նախարարություն, 6. Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն, 7. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, 8. Պաշտպանության նախարարություն, 9. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, 10. Քաղաքաշինության նախարարություն, 11. Ֆինանսների նախարարություն: Արցախում պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ֆինանսների նախարարը։ Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝ 1. Ազգային անվտանգության ծառայություն, 2. Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, 3. Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, 4. Ոստիկանություն, 5. Պետական եկամուտների կոմիտե: ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։ Ավելի վաղ Արցախի նախագահն ուղերձով հայտնել էր, որ ինքը հրաժարվում է Ազատ հայրենիք կուսակցության ղեկավարի պաշտոնից ու պատրաստվում է երկրի պետական կառավարման համակրգում կառուցվածքային փոփոխություններ իրականացնել։