ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ուժերը միջազգային այդ չարիքի դեմ պայքարում: Խստորեն դատապարտելով կատարվածը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»: Նախօրեին Իրանում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի հետևանքով վերջին տվյալներով, զոհվել է 25, վիրավորվել՝ 60 մարդ։