Գլխավոր դատախազությունը զբաղվում է Սամվել Բաբայանի հայտարարություններով
ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի» տաղավարում սկանդալային հայտարարություն է արել՝ ասելով, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու։ «Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (նկատի ունի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել»,- ասել է Բաբայանը։