27.11.2024
Փաշինյանը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ապաշրջափակման հնարավորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մշտապես ունեցել են առանձնահատուկ նշանակություն Հայաստանի համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Մհեր Գրիգորյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել բոլոր դժվար ժամանակահատվածներում Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:


Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար:


Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետն այս համատեքստում ներկայացրել է համագործակցության առաջնահերթ մի քանի ոլորտ, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների զարգացումը, ջրային ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները:


Հանդիպման ընթացքում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ փոխվարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:


Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին: