22.11.2024
Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ. Սիրիայի դեսպան
prev Նախորդ նորություն

Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի նոր դեպքերի շուրջ 40-50 տոկոսով նվազում

Հայաստանում, չնայած նկատվում է նոր արձանագրվող դեպքերի թվի կրճատում, սակայն կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այդ մասին հայտարարել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:


Նրա խոսքով, վերջին շրջանում նկատվում է նոր դեպքերի շուրջ 40-50 տոկոսով նվազում: «Այսօր վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1-ից ցածր է, կազմում է 0.5-0.6: Այսինքն՝ վարակի տեմպերը ցածր են», - ասել է նա ու հավելել, որ սա պայմանավորված է երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատություններում եղած արձակուրդով և որոշ դեպքերում դասընթացները հեռավար անցկացնելով:


«Այդ որոշումն ուղղված է եղել մարդկային շփումների նվազեցմանը, այդ ժամանակահատվածում հանրային տրանսպորտն է նաև թերծանրաբեռնված աշխատել, մարդկային կուտակումներ են քիչ եղել, ինչը բերում է թվերի նվազեցմանը»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:


Նա հիշեցրեց, որ ուսումնական հաստատությունները վերսկսել են իրենց աշխատանք, ուստի շատ է կարևորվում անվտանգության կանոնների պահպանումը՝ դիմակի կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը:


«Միաժամանակ, որպես կարևոր արդյունավետ միջոցառում, առաջնահերթ է համարվում պատվաստումը», - ասաց նա: