Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ երեսուն լուրջ խախտում. Նախարար
Այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ երեսուն լուրջ խախտում, որի արդյունքում հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ։ Այս մասին ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տրված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ։ Այնուամենայնիվ, իրավիճակը շատ լարված է մնում։ Այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ երեսուն լուրջ խախտում, որի արդյունքում հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ։ Սպանվել են նաև քաղաքացիական անձինք», - ասել է նա։
«Ռուսական խաղաղապահ ուժերը ապահովում են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և նպաստում են բնականոն կյանքի վերականգնմանը։ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ուղղված են նաև ռուս խաղաղապահների հեղինակության դեմ», -ասել է Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն, որպեսզի այս գործընթացն արդյունավետ լինի, ջանքերը պետք է երկկողմանի լինեն։ Նրա խոսքով, այս հարցում երկու կողմերի հռետորաբանությունը մեծապես տարբերվում է։ Հայաստանը խոսում է հաղորդակցության բոլոր ուղիների բացման, մինչդեռ Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, Սյունիքով «միջանցքի» մասին։
«Այն ժամանակ, երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը բազմապատկում է այլատյաց հայտարարությունները։ Դրանց մասին են վկայում Ադրբեջանի նախագահի ելույթները, Բաքվում այս տարվա գարնանը բացված «Ռազմաավարների պուրակը», որտեղ հայերը ներկայացված են նսեմացված և ծաղրի ենթարկված», - նշել է նախարարը։