23.11.2024
Կառավարությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է արգելել վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում

Նոյեմբերի 12-ի ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:


Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել եւս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Գործադիրն առաջարկում է օրենսդրորեն արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:


Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կկիրառվի պատասխանատվություն, իսկ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունով կամրագրվի կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքը: Սիրողական նպատակներով կենսաթոշակային տարիքի մարդկանց կտրվի անվճար ձկնորսությամբ զբաղվելու արտոնություն:


«Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող լրացումներով պետական տուրք է սահմանվելու վայրի կենդանիների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշներ արտահանելու եւ ներմուծելու թույլտվություններ տրամադրելու համար: Պետական տուրք է սահմանվելու նաեւ անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար:


Նախագծերի փաթեթն արժանացել է պատգամավորների հավանությանը: