Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը նախ հաստատել է նիստի օրակարգը, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը:
Զեկուցվել է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Վերջինիս ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով կայացել է կոմիտեի նախագահի մրցույթը, որի արդյունքներով կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1479-Ա որոշմամբ նշանակվել է կոմիտեի նախագահ: Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունից 30 քննիչներ Հակակոռուպցիոն կոմիտեում նշանակվել են ինքնավար պաշտոններում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև մրցութային ընթացակարգերով տվյալ պաշտոնների համալրումը: Աշխատանքներ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման ձևավորման իրավական հիմքերի սահմանման ուղղությամբ: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման ուղղությամբ:
ԱԺ-ի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունվել են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենք և հարակից օրենքները, որոնք ուղղված են Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծմանը: Ներկայումս նախատեսվում է ապահովել օրենսդրական ակտերի կիրարկման գործողությունները:
Մասնավորապես, oրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմելու է կառավարություն՝ 1) հակակոռուպցիոն դատարանում՝ տասնհինգ դատավորով. 2) վերաքննիչ քրեական դատարանում՝ վեց դատավորով. 3) վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ վեց դատավորով. 4) վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ երկու դատավորով ավելացնելու համար: Կառավարության համաձայնությունը հնգօրյա ժամկետում ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը ավելացնելու է դատավորների թվակազմը:
Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթում ներառվել և ԱԺ-ի կողմից ընդունվել է նաև «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու» մասին օրենքը, որի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Գլխավոր դատախազության առանձին ստորաբաժանման կողմից, որը ստեղծվելու է Գլխավոր դատախազության կազմում 2019 թվականից գործող Կոռուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող վարչության վերակազմակերպման արդյունքում: Նշված ստորաբաժանման դատախազների համար նախատեսվել է բարեվարքության ստուգման կառուցակարգ: Բացի այդ, օրենքով նախատեսվել են դատախազների, այդ թվում՝ Գլխավոր դատախազի և նրա տեղակալների թեկնածուների բարեվարքության ստուգմանն ուղղված կառուցակարգեր:
Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ հիմնական աշխատանքները. հայտարարագրման համակարգի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է ծախսերը, անձի կողմից փաստացի տիրապետվող գույքը հայտարարագրելու պահանջ: Ներդրվել է նաև հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, սակայն երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև այն գույքի հայտարարագրման պահանջ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատուն: Նվազեցվել է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 4 միլիոն դրամ:
Իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի շրջանակներում ստեղծվել է բաց և հանրամատչելի ռեեստր, Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց համար սահմանվել է փուլ առ փուլ իրական շահառուների բացահայտման պարտադիր պահանջ:
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ընդունվել է նոր Քրեական օրենսգիրքը, որի շրջանակներում վերանայվել են կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերը և ներդրվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը:
Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման շրջանակներում Արդարադատության նախարարության կողմից կազմվել և հրապարակվել է 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվություն, որի շրջանակներում ներկայացվել են միջոցառումների կատարման ընթացքը, այդ աշխատանքներին հանրության մասնակցությունը, աշխատանքների կատարմանը խոչընդոտող հանգամանքները:
Արդարադատության նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով բարելավվել են նաև մոնիթորինգի գործող կարգավորումները: Մասնավորապես, սահմանվել են մոնիթորինգի իրականացման նոր ընթացակարգ և գնահատման կառուցակարգեր: Միջազգային գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ներկայումս մշակվում է մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակ, որի գործարկման արդյունքում թվայնացվելու է Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշտադիտարկման և գնահատման, հաշվետվությունների կազմման գործընթացը, կատարող մարմինների կողմից տեղեկությունների ներբեռնման և ներկայացման գործընթացները:
Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի 4-րդ փուլի 2-րդ համապատասխանության և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Ստամբուլյան հակակոռուպցիոն ցանցի հինգերորդ պիլոտային փուլի զեկույցներով արձանագրված խնդիրներին: Ներկայացվել է նաև «Հակակոռուպցիոն բարեփոխումների սահմաններում իրավապահ մարմինների և քննչական ենթակայության վերափոխումների որոշ խնդիրների մասին» զեկույց:
Վերոնշյալ հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին կներկայացնի զեկույցների ընթացքում վեր հանված խնդիրների լուծումներ: