Ռուսաստանը պետք է ուժեղացնի իր ներկայությունը Հարավային Կովկասում. Վադիմ Ֆեֆիլով
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը հայտարարել է, որ այնտեղ, որտեղ կանգնած են ռուս խաղաղապահները, պետք է լինի նաեւ ռուսական հումանիտար ներկայությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այնտեղ, որտեղ մեր խաղաղապահներն են, այնտեղ պետք է լինի մեր հումանիտար ներկայությունը։ Իսկ եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, ապա դա իրենց գործն է։ Եվ մենք պատրաստվում ենք շարունակել աշխատանքը Սյունիքում։ Մեզ մոտ այժմ նախատեսված են Սյունիքի մարզում Դոստոևսկու վերաբերյալ կոնֆերանս, դպրոցականների համար «Ինտեգրում» ինտերակտիվ դիվանագիտական խաղ՝ ՌԴ դեսպանատան մասնակցությամբ և այլն», - ասել է Ֆեֆիլովը ներկայացուցչության կայքում բաժանորդների հետ ուղիղ եթերի ընթացքում հոկտեմբերի 26-ին:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում ռուսական կառույցների գործունեության մասին տեղեկատվությունն առանձնապես մշակված չէ:
«Վերջերս մենք Հայաստանում հավաքեցինք ռուսական ներկայությունների մամուլի ծառայությունների ղեկավարներին, մոտ 15 մարդ։ Կարեւոր է ուժեղացնել տեղեկատվական համագործակցությունը։ Հայ քաղաքացիական հասարակությունը պետք է իմանա, թե Ռուսաստանն ինչպես է օգնում Հայաստանին։ Վերջերս Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուս-հայկական համալսարանում աշխարհաքաղաքական նստաշրջանի ժամանակ ասել էր, որ Հայաստանին դժվարին ժամանակներում օգնել է միայն Ռուսաստանը, իսկ այժմ այլ երկրներ փորձում են ինչ-որ բան հայտարարել։ Այո, մենք պետք է ուժեղացնենք ռուսական ներկայությունն այստեղ՝ Հարավային Կովկասում», - հայտարարել է Ֆեֆիլովը։
Նա նաեւ նշել է, որ չնայած ռուսատյացության մասին խոսակցություններին, Հայաստանում գտնվելու ութ ամիսների ընթացքում ինքը ոչ մի անգամ հակառուսական տրամադրություններ չի զգացել կենցաղում: