26.11.2024
Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդ է մահացել
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր

Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհուրդ, հանդիպում ունեցել քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:


Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև փոխգործակցությանը և միջեկեղեցական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:


Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային, կրթական և պատմական ժառանգության պահպանման ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են միջեկեղեցական հարաբերությունների հարուստ օրակարգը և կարևորել դրանց շարունակականության ապահովումը, ինչպես նաև երկու երկրների պատմամշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններն արտացոլող համատեղ ձեռնարկների իրականացումը։


Անդրադառնալով Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ Հայաստանի նախագահն ու կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նշել են, որ այցի շրջանակում ստորագրվող՝ մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա համատեղ հետազոտություններ իրականացնել պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։ «Հուսով ենք, որ այն կխթանի ավելի սերտացնել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերը մշակույթի, գիտության, հնագիտության, աստվածաբանության և այլ ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանյայց առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև»,- ասել է նախագահ Սարգսյանը։


Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը հայկական կողմից ստորագրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Սուրբ Աթոռի կողմից՝ Մշակույթի քահանայապետական խորհրդի քարտուղար Փոլ Թայգեն։