Երևանում ընթանում Է ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը
Պետական եկամուտների կոմիտեում ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի 28-րդ նիստը: Այս մասին հոկտեմբերի 6-ին հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Պանդեմիայի հետ կապված ներկա նիստն անցկացվում է տեսակոնֆերանսի ձեւաչափով:
Քառօրյա հեռավար հանդիպումներն անցկացնում են համակարգող խորհրդի հարկային մարմինների փորձագետ-ղեկավարները: Քննարկման առանցքում ԱՊՀ երկրների հարկային մարմինների անցած տարվա գործունեության ցուցանիշներն են, հարկային օրենսդրության փոփոխությունները եւ 2021 թվականին ԱՊՀ ԱԱՀԽ ծրագրի իրականացման արդյունքները:
Կքննարկվեն նաև «ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարությունը մինչեւ 2030 թվականը» ծրագրի շրջանակներում ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների կողմից հաստատված միջոցառումների իրականացման ընթացքը:
Հաստատվելու են նախորդ հնգամյա գործունեության հաշվետվությունները և աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները։
Ուշադրության կենտրոնում կլինեն հարկային վարչարարության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք արդիական հարցեր: Կքննարկվեն աշխատանքային խմբերի առաջարկությունները ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում իրականացվող հարկային ստուգումներին մասնակցության պայմանների վերաբերյալ և այլն:
Քննարկումների արդյունքները կներկայացվեն հոկտեմբերի 8-ին։