Իրանը պատրաստ է աջակցել Տաթևի շրջանում այլընտրանքային ճանապարհ կառուցելու հարցում. Խադեմի
Իրանից ինժեներատեխնիկական պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմիի գլխավորությամբ:
Վերջինս Pars Today-ին տված հարցազրույցում ասել է, որ պատվիրակության նպատակն է՝ Հայաստանի պատկան մարմինների հետ ուսումնասիրել այն դժվարությունները, որոնք ստեղծվել են Գորիս-Կապան ճանապարհի ուղղությամբ իրանական բեռնատար մեքենանարի համար։
"Հայաստանը ձեռնամուխ է եղել այլընտրանքային ճանապարհ կառուցել Տաթևի շրջանում։ Մենք բանակցություններ ենք վարում հայկական կողմի հետ, որպեսզի հնարավորինս շուտ բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումներն այդ ճանապարհով բնականոն հունի մեջ մտնեն",- ասել է նա։
Փոխնախարարն ընդգծել է, որ Իրան-Հայաստան պետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի, և որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ նոր ճանապարհի կառուցման համար։
"Իրանը պատրաստ է ինժեներատեխնիկական իր հնարավորությունները տրամադրել Հայաստանին։ Հայաստանը նաև կառուցում է Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը սկսվում է Իրանի սահմանից ու հասնում մինչև Վրաստանի սահման։ Որքան տեղյակ եմ, հյուսիսային մասում մեծ գործ է արվել և, հույս ունեմ, հարավային մասում էլ աշխատանքը շուտով կմեկնարկի։ Մենք պատրաստ ենք նաև այս ուղղությամբ համագործակցել Հայաստանի հետ։ Իրանը մեծ փորձ ունի ճանապարհաշինության ոլորտում և մեր կապալառուները պատրաստ են իրենց այդ փորձը տրամադրել Հայաստանին",- հավելել է Խադեմին։
Նշվում է, որ այցի ընթացքում փոխնախարարը կքննարկի Իրանի համագործակցությամբ ու մասնակցությամբ այս ճանապարհի կառուցման հետ կապված հարցերը: