24.11.2024
ԼՂ հայության իրավունքների պաշտպանությունը մեր առաջնահերթություններից է. վարչապետ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և չի ներքաշվի ընդդեմ Իրանի դավադրության մեջ. վարչապետ

Կան որոշակի շրջանակներ, որոնց հաջողվում է, ժամանակ առ ժամանակ, Իրանի մամուլում հրապարակել նյութեր, թե Հայաստանը ներգրավված է ինչ-որ դավադրությունների մեջ՝ Իրանի դեմ: Իրանի մեր գործընկերները, վստահ եմ, գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի: Այս մասին Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպմանը  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա ընդգծել է, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են.


«Մենք երբեք չենք մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է «կյանքի ճանապարհ»։ Սա մի այնպիսի հիմք է մեր հարաբերությունների համար, որ ՀՀ-ն չի կարող դավադրության մեջ ներքաշվել Իրանի դեմ»,- ասել է նա:


Ապա շարունակել, որ այլ բան, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խոչընդոտվում են պատժամիջոցների պատճառով։


«Ոչ միայն ՀՀ-ն, այլև աշխարհում շատ երկրներ կան, որ չունեն հնարավորություն` շրջանցել այս իրողությունը։ ՀՀ-ն երբեք Իրանի դեմ դավադրությունների մեջ չի մտնի, և դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին նույնիսկ պետք չէ ասել: Հակառակը՝ մենք խոշոր նախագծեր ունենք Իրանի հետ։ Պարոն Ռայիսիի հետ քննարկումների ժամանակ առաջարկել ենք արագացնել դրանք, մասնավորապես՝ կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը կառուցում է իրանական ընկերություն, և խնդրում ենք հնարավորինս արագ կառուցել այն: Հույս ունենք առաջիկայում երկարաձգել գազ- էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը: Հանդիպումների ժամանակ առաջարկել եմ վերադառնանք կամ վերհիշենք, որ կար Մեղրիի ջրամբարի և ՀԷԿ-ի շինարարության հարց, որը կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն էներգետիկ, այլև ջրային ռեսուրսների համատեղ կառավարման առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում լուծվել է Իրանի հետ ունեցած երկարատև խնդիրներից մեկը` կապված դեպի Արաքս գետ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումների հետ։


«Հարցն անընդհատ բարձրացվում էր, և ուրախ եմ արձանագրել, որ այն լուծվել է, որովհետև կոմբինատն անցել է փակ ցիկլի և արտանետումներ չի անում: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ի դեմս որի ունենք գործընկեր, արձագանքեց կառավարության հորդորներին, և սա մեզ հնարավորություն տվեց ավելի խորացնել հարաբերությունները նրանց հետ»,- նշել է կառավարության ղեկավարը: