24.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. 1152 նոր դեպք, 16 մահ
prev Նախորդ նորություն

Սուվերեն միջանցք Հայաստանի տարածքում գոյություն ունենալ չի կարող. ԱԽ քարտուղար

Մենք հայտարարել ենք, որ սուվերեն միջանցք չի կարող լինել, Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ Այս մասին, հոկտեմբերի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:


«Էրդողանի հայտարարության մասերից մեկում նշված է, որ միջանցքը քաղաքական հարց է և քննարկելի հարց է։ Միջանցքի տրամաբանությունը պետք է հասկանալ։ Նախ, մենք հայտարարել ենք, որ սուվերեն միջանցք չի կարող լինել, Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ Միջանցքներ կամ ճանապարհներ, Հայաստանում գոյություն ունեցող ճանապարհներ, հնարավոր է, բացվեն, որոնցից կկարողանան օգտվել ադրբեջանցիները կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվի։ Այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։



Նրա խոսքով՝ հարցի լուծման համար անհրաժեշտ է երկխոսություն և, քանի որ «բարձր մակարդակով կան դրական ազդակներ», Հայաստանը խնդիրները քննարկելու և փոխհասկացվածության հասնելու հնարավորություն տեսնում է։


«Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ Դա մեր տրամաբանությանը շատ մոտիկ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ, մենք լուծումներ կգտնենք։ Այսինքն` «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես` Հայաստանում մի քանի ճանապարհներն օգտագործել»,- հավելել է Գրիգորյանը։


Նա հավելել է, որ փոխվարչապետերի մակարդակով միջանցքի հարց չի քննարկվում․ քննարկվում է բոլոր ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։


«Մենք ավելի հակված ենք, որ այս պահին գոյություն ունեցող ենթակառուցվածքները, այսինքն՝ Երևան-Թիֆլիս-Բաքու-Ռուսաստան երկաթգիծը կարողանանք օգտագործել, ինչպես նաև Երևան-Նախիջևան-Ջուլֆան, որտեղ ենթակառուցվածքներում ներդնելու անհրաժեշտություն գրեթե չկա․ այնտեղ մոտ 1 կիլոմետրանոց՝ Հայաստան-Նախիջևան սահմանին մի փոքր մաս է պետք կառուցել, որը շատ կարճ կտևի։ Ինչպես նաև Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներից օգտվել։ Այսինքն` Ադրբեջանի արևմտյան շրջանները, դա կլինի Տավուշով, թե Սյունիքով, ենթակառուցվածքներն օգտագործեն՝ Նախիջևանի հետ կապվելու համար։ Մենք հակված ենք այս տարբերակին և քննարկում ենք, որպեսզի փորձենք առաջ գնալ»,- ասել է ԱԽ քարտուղարը։