Զանգեզուրի կոմբինատի գլխավոր բաժնետերը ՀՀ կառավարությանը կփոխանցի բաժնետոմսերի 25 տոկոսը
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 60,0000946%-ի սեփականատեր «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը փոխանցել կոմբինատի բաժնետոմսերի 25%-ը՝ 412 250,75 բաժնետոմս:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության գրավոր քվեարկվող հարցերի բաժնում։
«Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել դառնալ բաժնետոմսերի սեփականատեր և նրանց կառավարման լիազորությունները փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմին»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը գրանցված է Մոսկվայում, ըստ ռուսական որոշ բաց աղբյուրների, բաժնետերը Սերգեյ Շերբակովն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի իրական սեփականատերերի ռեեստրում այս նորահայտ ընկերության մասին ոչինչ նշված չկա։
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի 75 տոկոսը հետ էր գնվել ու պատկանում էր հենց կոմբինատին, մնացած 12,4 տոկոսի սեփականատերը մի քանի ընկերությունների միջոցով Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր, իսկ 12,5 տոկոսի բաժնետերեր էին Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի» պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովն ու կոմբինատի ղեկավարներից Նարեկ Ամբարյանը։ Զուրաբովը նաև դատական գործընթացների մեջ էր մյուս բաժնետերերի հետ։
Կառավարությունը բացի 25 տոկոս բաժնետոմսերը որպես սեփականություն ընդունելուց, այլ մանրամասներ չի հայտնում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կայքում ևս բաժնետոմսերի առքուավաճառքի մասին տեղեկություններ չկան։