24.11.2024
Քննարկվել են Ղազախստանի հետ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերը
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Արարատ Միրզոյանին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։


Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:


ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները առաջնահերթորեն քննարկել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման նպատակով կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական ու մշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հետագա հեռանկարները:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։


Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, երկրի խորհրդարանի և անձամբ՝ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձի, ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին:


Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման նպատակով։