Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա՞. «Վեոլիա ջրի» հայտը ուսումնասիրվում է
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Ընկերությունն առաջարկում է ներկա 180 դրամի փոխարեն 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով, այս բարձրացումը թերևս սպասելի է, որովհետև Հայաստանի ջրի մատակարարման համակարգը հանձնված է վարձակալության 15 տարով և հաղթող ճանաչվելուց հետո ընկերությունը ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ: Եվ դրանց նայելով՝ 2022 թվականի համար արդեն իսկ 214 դրամ է.
«Այսինքն, այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում, ինչը ձևավորվել է մրցույթի ժամանակ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաղրամյանը՝ հիշեցնելով, որ ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է։
Նա նշեց, որ հայտը մուտքագրվել է օգոստոսի սկզբին, այժմ Ջրային կոմիտեի և սպառողների ՀԿ-ների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։
«Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», նաև Կառավարության հետ քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։ Առկա է սցենար, երբ մինչև 2025-2026 թթ. բարձրանում է գինը, հետո սկսում է նվազել։ Այժմ «Վեոլիա ջրի» հետ բանակցում ենք ավելի հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար, սակայն դեռ հստակ չէ»,- նշեց Բաղրամյանը:
Բաղրամյանը տեղեկացրեց, որ հայտի ուսումնասիրության ժամկետը 80 օր է, և եթե այն հաստատվի, ապա 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սակագինը։
«Որոշումը պետք է կայացվի ամենաուշը դեկտեմբերի 1-ին»,- հավելեց Բաղրամյանը։