24.11.2024
Բացահայտվել է «Վարդաշեն» ՔԿՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխադրման դեպք
prev Նախորդ նորություն

Ոսկե մեդալ ոսկե ձայնին

Փարիզում բնակվող մեր հայրենակից, հանրահայտ օպերային երգիչ, տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Հումանիտար Գրան Պրի հիմնադրամի (The Grand Prix Humanitaire De France) 2021 թվականի Ոսկե մեդալով: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենատի դահլիճում սեպտեմբերի 25-ին մի խումբ պաշտոնյաների և պատվավոր հյուրերի ներկայությամբ:

Հումանիտար Գրան Պրի հիմնադրամը վաղեմի պատմություն ունի: Այն ստեղծվել է 1892 թ. Փարիզում և առաջին իսկ օրվանից նպատակ է ունեցել մեծարելու գործունյա մարդկանց և անհատների՝ իրենց մեծածավալ գործունեության ու մարդասիրական կազմակերպություններին աջակցության համար: Հումանիտար Գրան Պրիի մրցանակակիրներների թիվը գերազանցում է 15.500-ի, տարբեր ժամանակներում այս յուրահատուկ պարգևին են արժանացել Մոնակոյի արքայադուստր Գրեյսը (1965), Օրլեանի արքայադուստր Դիանան (1990), Մոնակոյի արքայազն Ալբերտ II (2007) և մի շարք այլ անվանի բարձրաստիճան անձիք:

Ռուբեն Էլբակյանը երկրորդ հայն է, ով արժանացավ այս բարձր պարգևին: Առաջինն էր «Արարատ» հիմնադրամի նախագահ, ընդհանուր վիրաբուժության դոկտոր, պրոֆեսոր, անվանի բժիշկ Հակոբ Քերքիաչարյանը: Ֆրանսիայի այս բարձր գնահատականի Ռուբեն Էլբակյանը արժանացել է իր կատարած աշխատանքի և բազմաթիվ բարեգործական համերգների համար: Նրանցից ամենանշանակալիներն են՝ 2007 թ. Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի և բալետի թատրոնի բեմում տեղի ունեցած մենահամերգը, որի հասույթը Ռուբեն Էլբակյանը նվիրաբերել էր Վլադիմիր Սպիվակովի Հիմնադրամին, 2012 թ. Փարիզի Տրինիտե (Սուրբ Երրորդություն) տաճարում կայացած համերգը՝ ի օգուտ Պիեր Աբբայի Հիմնադրամի և 2019 թ. անմոռանալի ելույթը «Ավե Մարիա» ստեղծագործությամբ, որը կազմակերպվել էր Լը-Մադլեն քաղաքի հայտնի եկեղեցում ի նպաստ Ֆրանսիայի ամենա առաջին՝ «Կաթոլիկ Օգնություն» Հիմնադրամին:

Ռուբեն Էլբակյանի երաժշտական տաղանդը բացայտվել է դեռ մանուկ հասակում: Սևահեր, պսպղուն աչքերով տղան ընդամենը 7 տարեկան էր, երբ առաջին բուռն ծափահարությունների արժանացավ լայն երաժշտասեր հասարակության կողմից: Իր մասնագիտական ապագան Ռուբեն Էլբակյանը սկսեց կերտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գոհար Գասպարյանի, ապա Տաթևիկ Սազանդարյանի դասարաններում: Երգչի տաղանդը նոր զարգացումներ ապրեց արդեն Ֆրանսիայում, որտեղ նա սկսեց ելույթ գալ բազմաթիվ մենահամերգներով՝ հաճախ բարեգործական: Նրա ոսկե ձայնը հնչել է Լյուքսեմբուրգի և Կաննի փառատոնների դահլիճներում, Փարիզի Դեժասեթ թատրոնում և այլ հայտնի սրահներում:

Ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում, Ռուբեն Էլբակյանը երբեք չի կտրվել Հայրենիքից: Նրա երգացանկի անբաժանելի մասն են կազմել հայկական երաժշտական գոհարները և առաջին հերթին Կոմիտասը: Երգչի կատարմամբ ձայնագրած «Կոմիտաս» ալբոմը FNAC-ն արժանացրել է «Սկավառակավաճառների հատուկ մրցանակի»: 2010 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ Փարիզի Հաղթանակի կամարի տակ նա կազմակերպեց համերգ-ակցիա, որի ընթացքում Ֆրանսիայի ազգային ոստիկանության նվագախմբի նվագակցությամբ կատարեց Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը:

Ռուբեն Էլբակյանը՝ 2010 թ. LUXURY ամսագրի կողմից ներարռվել է աշխարհի 57 ամենայատնի հայերի ցանկում: 2011 թ. Մոնակոյում նա արժանացել է «Նապոլեոանյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչմանը: Ֆրանսիայի Հումանիտար Գրան Պրի հիմնադրամի Ոսկե մեդալի հանձնման արարողությունից հետո Ռուբեն Էլբակյանը ելույթ ունեցավ բացառիկ մենակատարումներով:

«Ես անչափ զգացված եմ, որ արժանացել եմ այս պատվավոր պարգևի՝ The Grand Prix Humanitaire De France հիմնադրամի Ոսկե մեդալի: Ես կցանկանամ իմ շնորհակալությունը հայտնել հիմնադրամի նախագահ Լուսի Քալդերոնին՝ իմ համերգների և գործունեության նկատմամբ իր մշտական ուշադրության համար: Շնորհակալ եմ նաև Քրիստին Քելլիից՝ ֆրանսիացի հայտնի հաղորդավարից, որը հետաքրքիր մեկնաբանեց իմ տեսակետը՝ բարեգործության վերաբերյալ», - ասաց արարողության ավարտին Ռուբեն Էլբակյանը:

Չնայած որ ֆրանսահայ տենորը Հայաստանում վերջին անգամ ելույթ է ունեցել 2007 թ., նա հետևում է Հայրենիքի երաժշտական կյանքին և Հայաստան-Արցախ աշխարհի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Նա վստահեցնում է, որ պատրաստ է բարեգործական համերգներով հանդես գալ Հայաստանի տարբեր քաղաքնրում ու Արցախում: Ոսկե մեդալը Արցախյան երրորդ պատերազմի տարելիցի նախորեին ստանալով, Ռուբեն Էլբակյանը ասաց.

«Ցավոք այսօր ոչ մի հայրենասեր հայ չի կարող լիաթոք ուրախանալ, քանզի մեր Հայրենիքը կանգնած է լուրջ փորձությունների արջև: Հուսով եմ, մոտակա ժամանակ կգամ Հայրենիք նոր համերգային ծրագրով: Հայաստանում երգելը ինձ համար մեծ պատիվ է և շատ պարտավորեցնող: Ես բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ միշտ անվճար բարեգործական համերգներով ելույթ ունենալ թե Հայաստանում, թե Արցախում: Հավատում եմ՝ մարդու արած ամեն բարի գործ ետ է վերադառնում»: