Դելտա շտամը շատ արագ է տարածվում, նախարարությունը մոբիլիզացնում է ռեսուրսները
Հայաստանի առողջապահական համակարգը կորոնավիրուսի վարակի տարածման տեսանկյունից բավականին լարված վիճակում է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 28-ին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ հիվանդանոցներում տեղի է ունենում մահճակալային ռեզերվների մոբիլիզացիա:
«Կորոնավիրուսով հիվանդ անձանց այս պահին սպասարկում է 20 բժշկական կենտրոն։ Այս շաբաթվա ընթացքում կավելանա Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս կանցնեն COVID-19-ով հիվանդներին սպասարկելուն», - նկատել է նախարարն ու հավելել, որ մահճակալային ռեզերվներն ամբողջությամբ մոբիլիզացվում են, ինչը պայմանավորված է դելտա շտամով հիվանդների հոսպիտալացման առավել մեծ քանակով:
«Այժմ ավելի շատ ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան նախորդ ալիքների ժամանակ էր»,- անկեղծացել է Ավանեսյանը՝ նկատելով, որ հոսպիտալացվածների թվում կան նաև պատվաստված անձիք: «Սա այլ երկրների հետ միանշանակ համադրելի է, որտեղ կա պատվաստումների բավական բարձր ցուցանիշ»,- ասել է Ավանեսյանը։
Հոկտեմբերի 1-ից էլ բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտնում իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը: Բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիները, հղիները կամ հստակ հակացուցումներ ունեցողները։