Քոչարյանը Գորիս-Կապան ճանապարհի մասին. այլընտրանքը վերացնում է լարվածությունը
Կոմունիկացիոն այլընտրանքների ստեղծումը վերացնում է լարվածությունը Գորիս-Կապան ճանապարհահատվածում։ Այս մասին սեպտեմբերի 17-ին՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում այլընտրանքային ճանապարհի կառուցման ուղղությամբ՝ շրջանցելով նշված հատվածը։ «Այդ ճանապարհն արդեն կարելի է օգտագործել։ Բնականաբար, բեռնատար մեքենաների համար որոշակի բարդություններ կան, բայց, ինչպես ասացի, այդ ճանապարհն արդեն շահագործվում է։ Այս պահին խնդիրներ չկան, ավտոտրանսպորտային միջոցների կուտակումներ չեն նկատվում։ Բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է։ Ինչպես գիտեք, կառավարությունը որոշում է կայացրել Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 1 մլրդ դոլար հատկացնելու մասին», - հայտարարեց պատգամավորը։
Նա վստահ է, որ ադրբեջանական կողմը կշարունակի մեծացնել լարվածությունը սահմանին, հայկական կողմի խնդիրն է թուլացնել այդ գործողությունները։ «Շատ կարևոր է, որ այդ լարվածությունը չհանգեցնի անցանկալի հետևանքների»,-ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածի հետ կապված խնդիրներ են առաջացել նաև 90-ականներին: Նա վստահ է, որ կոմունիկացիոն այլընտրանքների ստեղծումը նվազեցնում է այդ հատվածում առկա լարվածությունը։