Չինաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Ֆան Յուն
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին:
Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձ են կատարել հայ-չինական բազմադարյա բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերություններին և վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցության զարգացման ուղղությամբ:
Հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունները: ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Չինաստանի դիրքորոշումը: Դեսպան Ֆանը նշել է, որ Չինաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել բազմակողմ հարթակներում երկրների համագործակցությանը, այդ համատեքստում կարևորվել է Եվրասիական տնտեսական միության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջև համադրման գաղափարը:
Արարատ Միրզոյանն ու Ֆան Յունն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել համավարակի դեմ պայքարում Չինաստանի տրամադրած աջակցության համար:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժն էլ ավելի արդյունավետ իրացնելու վերաբերյալ: