24.11.2024
Պատրաստ ենք աջակցել ղարաբաղյան խնդրի համապարփակ լուծմանը. Բլինքեն
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում. Լը Դրիան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ կայքից:


«Հարգելի՛ պարոն նախարար,


Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ սրտանց Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները` կանխավ գոհունակություն հայտնելով Ձեզ հետ սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար:


Ձեր երկիրը վերջին ամիսներին բախվել է անվտանգային, տնտեսական և առողջապահական մի շարք փորձությունների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին այս փուլն անցնող հայ ժողովրդին:
Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային խորը առնչությունների վրա հիմնված և հագեցած օրակարգ ունեցող առանձնաշնորհյալ հարաբերություններ: Հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության որակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել մեր տնտեսական համագործակցությունն` ի նպաստ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը և բազմազանեցմանը:


Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:


Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որպեսզի ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը: Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդես է գալիս որպես խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար:


Վերստին Ձեզ հղելով իմ շնորհավորանքները, ընդունեք, խնդրեմ, հարգելի պարոն նախարար, խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարի ուղերձում: