23.11.2024
Արմեն Չարչյանը հիվանդանոցից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
prev Նախորդ նորություն

Նախարարն արտաքին պարտքի կառավարելիությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:


«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Հատուկ կարեւորվել է, որ ներկայում Հայաստանն անում է առավելագույնն օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ, կանխատեսելի ու կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- նշված է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունն ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:


Նախարարն իր հերթին արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման: Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` նախարար Խաչատրյանն առանձնակի կարեւորել է Հայաստանում ինստիտուցիոնալ միջավայրի ձեւավորման հարցում Բրիտանիայի կառավարության շարունակական աջակցությունը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:


Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։