«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ հիմնադրամի կրթաթոշակառուները կմասնակցեն սեպտեմբերի 4-ից 23-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվելիք Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) կազմակերպած վարպետության դասերին, ինչպես նաեւ հանդես կգան կատարումներով:
Middle East Classical Music Academy-ն անցկացվում է InClassica միջազգային երաժշտական փառատոնի (օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը) շրջանակներում, որը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի և SAMIT Event Group-ի նախաձեռնությամբ:
Հիմնադրամի տասը կրթաթոշակառուները՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Մարի Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն) եւ Գուր Սարգսյանը (դաշնամուր) սեպտեմբերի 5-ին կկատարեն Էդվարդ Միրզոյանի «Վալսը» և Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» «Գայանե» բալետից:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ սեպտեմբերի 4-ին և 5-ին իրենց կատարումներով հանդես կգան հիմնադրամի կրթաթոշակառուներ Մարի Հակոբյանը, Ասյա Անիսիմովան, Գուր Սարգսյանը, Հայկ Հեքեքյանն ու Դավիթը Բոյաջյանը:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր ծրագրերին, որոնք հետաձգվել էին համավարակի պատճառով, կազմակերպել է նաեւ 6 դաշնակահարների՝ Արիանա Կարապետյանի, Աստղիկ Ղուկասյանի, Մարգարիտա Միքաելյանի, Գառնիկ Մսրյանի, Վալերի Պոլոյանի և Մարի Փոշոտյանի մասնակցությունը Մերձավոր Արեւելքի դասական երաժշտության ակադեմիայի դասընթացներին: Ժյուրիի կողմից ընտրված դաշնակահարները պետք է մասնակցեին 2020թ. Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, սակայն, համավարակով պայմանավորված, նրանց մասնակցությունը հետաձգվել էր:
Նշենք, որ դաշնակահարուհի Աստղիկ Ղուկասյանը հանդես կգա մեկ կատարումով Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Մերձավոր Արեւելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) շրջանակներում, համաշխարհային ճանաչում ունեցող և առաջատար կատարողներ եւ դասախոսներ՝ ջութակահարներ Պավել Վերնիկովը (Իսրայել/Շվեյցարիա), Բորիս Կուշնիրը (Ավստրիա), Դանիել Հոփը (Միացյալ Թագավորություն), Սերգեյ Դոգադինը (ՌԴ), Հայկ Ղազազյանը (Հայաստան/ՌԴ), Սերգեյ Խաչատրյան (Հայաստան), Գրաֆ Մուրժան (Հունգարիա/ՌԴ), Ստելլա Չենը (ԱՄՆ), Սվետլանա Մարկովան (ՌԴ/Շվեյցարիա), Իգոր Պետրուշևսկին (Միացյալ Թագավորություն), դաշնակահարներ Պավել Գիլիլովը (Գերմանիա/Ավստրիա), Ջուլիանո Մազոկանտեն (Իտալիա), Հեյ-Յանգ Քիմը (Հարավային Կորեա), Ստեփան Սիմոնյանը (Գերմանիա), Դմիտրի Ալեքսեևը (Միացյալ Թագավորություն), Ռուդոլֆ Բուչբայնդերը (Ավստրիա), թավջութակահար Ալեքսանդր Ռամը (ՌԴ), ֆագոտահարներ Ռիչարդ Պալեյը (Իսրայել), Անդրեյ Շամիդանով (ՌԴ), տրոմբոնահարներ Նատալ Բիկովը (Իսրայել), Վասիլի Կոզլովը (ՌԴ), շեփորահար Վլադիսլավ Լավրիկը (ՌԴ), հոբոյահարներ Լիոր Միշելը (ԱՄՆ), Պավել Օրլով (ՌԴ), գալարափողահարներ Հագայի Շալոմը (Իսրայել), Վադիմ Շվեդչիկովը (ՌԴ), կլառնետահար Սերգեյ Ելեցկին (ՌԴ) և ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը (ՌԴ) կանցկացնեն մի շարք բաց դասախոսություններ եւ վարպետության դասեր:
Հավելենք, որ հիմնադրամի կրթաթոշակառուներին ու դաշնակահարներին հնարավորություն է ընձեռվելու ունկնդրել InClassica միջազգային փառատոնի բոլոր համերգները: Փառատոնի ընթացքում երաժշտական այս խոշորագույն իրադարձությանը կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող 37 կատարողներ, 8 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։ Փառատոնը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների ամենանշանակալի հարթակներում՝ Դուբայի օպերայում և Coco-Cola Arena-ում։
InClassica միջազգային փառատոնի մասնակիցների թվում են՝ «Գրեմմի» և Էվերի Ֆիշերի մրցանակների արժանացած ջութակահար Գիլ Շահամը, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևը, «Էմմի», ECHO Klassik մրցանակների դափնեկիր, օպերային երգչուհի Դանիել դե Նիզը, «Գրեմմի» մրցանակի արժանացած, Gramophone Classical Music Award-ի կրկնակի դափնեկիր, Edison Classical Music Award-ի 5-ակի դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը և մեծ ճանաչում վայելող այլ արտիստներ։
Փառատոնին կմասնակցեն Ռուսաստանի ազգային նվագախումբը, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռեյնլանդ-Պֆալցի Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և այլ հայտնի նվագախմբեր, որոնք կներկայացնեն համերգային բազմազան ծրագրեր։ Փառատոնի այցելուները կկարողանան ունկնդրել նաև բազմաթիվ պրեմիերաներ։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2021/2022թթ. կրթաթոշակառուները հայտնի կդառնան արդեն այս ամսվա վերջում: Հիմնադրամը նախապատրաստում է այլ կրթական, շատ կարևոր ծրագրեր, որոնց մասին hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և կրթական ծրագրերի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը կհայտարարի սեպտեմբերի վերջում: