Հայաստանում համաճարակային իրավիակը վատթարանում է: Կորոնավիրուսի «դելտա» շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով։ Բացի դրանից, հիվանդության ընթացքը ավելի ծանր է։ Այդ մասին կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկություն ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդացության վերաբերյալ։
Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել են դրական։ «Ինչպես տեսնում ենք, հայտնաբերված դեպքերի մոտ 10 տոկոս ցուցանիշ արդեն ունենք։ Ցավոք սրտի, երեկ գրանցվել է 19 մահ», - ասել է նախարարն ու հավելել, որ մենք մի քանի անգամ ահազանգել են, «դելտա» շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով։
Նախարարի խոսքով, նկատվում է հիվանդության երիտասարդացում. «Նախորդ շաբաթվա ընթացքում ես հրապարակել էի, որ ունեինք 20, 28 տարեկան երիտասարդներ։ Պիտի ասեմ՝ ցավոք, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ուստի, սա մեզ բոլորիս ահազանգ է, որ բոլորս հասկանանք, առաջիկայում մեր վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք»։
Այս պահին, հայտնում է նախարարը, կա ծավալված մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված են։ «Ծանր վիճակում են գտնվում 650, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացիներ։ Արհեստական շնչառական ապարատներին միացված են 51 անձինք», - ասել է նա։
«Այս պահին մենք իրականացնում ենք այն քաղաքացիների հոսպիտալացումը, ովքեր դրա կարիքն ունեն։ Որևէ հերթ չունենք, և հընթացս ծավալում ենք նոր մահճակալներ։ Բայց, իհարկե, սա շատ մեծ լարվածություն է ստեղծում ընդհանուր առմամբ համակարգում։ Գիտենք, որ աշնանն ընդհանուր հիվանդացության աճ է գրանցվում, և մարդիկ ավելի շատ են դիմում շտապ օգնության ծառայությանը, հիվանդանոցներ, ուստի COVID-ը հնարավորինս կառավարելի շրջանակներում պահելը նշանակում է նաև նպաստել այլ հիվանդություններով քաղաքացիներին ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալուն»,- հավելեց նա։
Անդրադառնալով պատվաստումների գործընթացին՝ Ավանեսյանն ասաց, որ այսօրվա դրությամբ իրականացված է 293 955 պատվաստում։ «Օրական ավելի քան 6000 պատվաստում է իրականացվում։ Մենք նկատում ենք շատ մեծ հետաքրքրվածություն և հոսք, ինչը ողջունելի է։ Եթե մարտ ամսին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս, և 40 տոկոսից ավելի քաղաքացիներ, այո, դիտարկում են պատվաստումը որպես շատ կարևոր գործիք և պատրաստ են պատվաստվելու»,- հայտնել է նախարարը։