ԱԺ-ում այսօր տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. Դատախազություն
ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունն առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև՝ դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա: Այդ դրսևորումները զուգորդվել են ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ՝ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը:
Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ», - նշված է հաղորդագրության մեջ: