24.11.2024
Մեղրիի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի
prev Նախորդ նորություն

Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:


Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ է Ջրաշեն համայնքի ղեկավարը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կատարել է չարաշահումներ:


Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, խախտելով համայնքին պատկանող հողամասի՝ աճուրդով վաճառելու կարգը, թերթում հողամասն աճուրդով վաճառելու մասին որևէ հայտարարություն չտեղադրելով, կադաստրային գործին կցել է տպագիր մամուլի օրինակ, թե, իբր արվել է համապատասխան հայտարարությունը, այնուհետև կազմակերպել և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որի արդյունքում 2006թ. հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարել է իր որդուն:


Այնուհետև՝ նույն թվականի հոկտեմբերին, որդու հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է նրան, իսկ վերջինս 2006թ. նոյեմբերին նույն հողամասը, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության է հանձնել Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատորներից մեկին և մինչև 2021թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.259.996 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքից և այդ գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 17.259.996 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։


Բացի այդ, համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով հողամասի ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ, որևէ միջոց չի ձեռնարկել՝ հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ։


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:


Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: