23.11.2024
Դատախազությունն առաջարկել է հստակեցնել կանխամտածված սնանկության վերաբերյալ օրենսդրությունը
prev Նախորդ նորություն

Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը չի ցանկանում խաղաղություն

Իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել թե իբր ընդդիմությունը չի ցանկանում խաղաղություն, այլ ձգտում է պատերազմի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։


Նրա խոսքով՝ ընդդիմությունը միայն բարձրացնում է այն հարցը, թե ինչ գնով է հաստատվելու խաղաղությունը։ «Մենք լսում ենք ամենատարբեր առաջարկներ ամենատարբեր մայրաքաղաքներից։ Ես մտադիր չեմ հիմնվել Ադրբեջանից հնչող հայտարարությունների վրա, քանի որ մեծ վերապահումներով եմ վերաբերվում այդ հայտարարություններին։ Բայց երբ դուք ասում եք, որ ուզում եք խաղաղություն եւ ողջ գործընթացը կառուցվում է դրա շուրջ, պետք է ավելի հանգամանորեն ներկայացնել, որ կան առաջարկներ, ինչպիսի՞ն է քննարկվող փաստաթղթի բովանդակությունը, քանի որ այստեղ կարեւոր է յուրաքանչյուր կետ, կամ մի ստորակետ: Մեզ կշտամբում են, թե մենք դեմ ենք սահմանների ապաշրջափակմանը, բայց մենք այլ բանի մասին ենք խոսում։ Մենք հարցեր ենք տալիս՝ ինչ գնով և կան արդյոք համապատասխան ինստիտուտներ և մեխանիզմներ, որոնք կապահովեն այդ հաղորդակցությունների բնականոն աշխատանքը», - հայտարարել է նա։


Աբրահամյանը նշել է, որ խաղաղության մասին հայտարարություններն արվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին՝ թե Արցախի դեմ վերջին պատերազմում, թե ապրիլյան քառօրյա պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցության ֆոնին:


«Որքանով է տրամաբանական նման գործընթացներ վարել Ադրբեջանի տարածքային հավակնությունների ֆոնին, ըստ էության, Հայաստանի դեմ պատերազմի կոչերի առկայության դեպքում», - հայտարարել է նա: Խաղաղության հասնելու գործընթացը պետք է դիտարկել Հայաստանի շուրջ ընթացող գործընթացների ընդհանուր համատեքստում, նշել է Աբրահամյանը: