Իրանը մտադիր է Մեծ Բրիտանիային պատասխանատվության ենթարկել պարտքը չվճարելու համար
Իրանի իշխանությունները ծրագրում են Մեծ Բրիտանիային պատասխանատվության ենթարկել Իսլամական Հանրապետությանը պարտքը չվճարելու համար։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այդ հարցը միշտ մնացել է օրակարգում, եւ մենք պատասխանատվության կենթարկենք Մեծ Բրիտանիային պարտքերը չվճարելու համար», - նրա խոսքը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Դիվանագետի խոսքով՝ «բրիտանական տարբեր կառավարություններ մինչ օրս իրենց պարտքը չեն տվել կեղծ պատրվակներով»: «Ավելի քան 40 տարի Մեծ Բրիտանիան պարտք է Իրանին, եւ բրիտանական դատարանը դա հաստատել է», - հավելել է նա:
2012 թվականին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը վճռել էր, որ Մեծ Բրիտանիան պարտավոր է Իրանին վճարել 400 մլն ֆունտ (մոտ 480 մլն դոլար)՝ որպես ձախողված պայմանագրի փոխհատուցում:
Խոսքը Իրանին Բրիտանական «Չիֆթեն» տանկերի չկայացած մատակարարման պատմության մասին է։ Դրանք Մեծ Բրիտանիայում պատվիրված են եղել դեռեւս շահի ռեժիմի կողմից, սակայն դրա անկման եւ 1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակի կապակցությամբ Լոնդոնը հրաժարվել է կատարել պայմանագիրը, թեեւ կանխավճար է իրականացվել:
Լոնդոնն այդ գումարը տրամադրել է դատարանի տնօրինությանը՝ որպես վճարման երաշխիք, սակայն հայտարարել է, որ չի կարող ոչ վերադարձնել պարտքը, ոչ վճարել դրա դիմաց գոնե տոկոսները այն բանի հիման վրա, որ Իրանի պաշտպանության նախարարությունը գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո:
Իրանը փորձում է դուրս գալ փակուղուց՝ առաջարկելով միջոցները փոխանցել իր կենտրոնական բանկին, որի նկատմամբ պատժամիջոցներ չկան, սակայն բրիտանացի իրավաբանները հակադարձում են՝ նշելով, որ գործարքի վերջնական շահառուն կդառնա Իրանի պաշտպանության նախարարությունը: