Լեհաստանի հետ կստորագրվի առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագիր
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությունը:
Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլ ևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ն ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ: Այն հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է ՀՀ և Եվրոպական Միության միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի շրջանակում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին, իսկ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ստացվել են 803 ռեադմսիոն հայցեր՝ 1647 անձանց մասին։ Հարկ է նշել, որ Լատվիայի Հանրապետությունից դեռևս ռեադմիսիոն հայցեր չեն ստացվել։
Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» 2013 թ. ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ Լեհաստանի Հանրապետությունից 2014-2019 թթ-ին ստացվել են 91 ռեադմիսիոն հայցեր՝ 130 անձանց վերաբերյալ։