22.11.2024
Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-մայիսին աճել է 4,3 տոկոսով
prev Նախորդ նորություն

Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև սեպ խրող հայտարարությունները վտանգավոր են. ԱԺ

Արցախի խորհրդարանում ներկայացված 5 քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է.


«Հարգելի՛ հայրենակիցներ


Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը բոլորիս կանգնեցրել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր մարտահրավերները հաղթահարելու, անվտանգության սպառնալիքները դիմագրավելու և պատերազմի հետևանքով ի հայտ եկած կենսական խնդիրների լուծման պարտադրանքի առջև:


Մեզ համար գերական և թանկը հայրենիքն է, հայրենիքի պահպանումը, կորցրածի վերանվաճումը և արցախցու իրավունքի վերականգնումը հայրենի հողում ապրելու, զարգանալու և բարգավաճելու ուղղությամբ:


Պատերազմի ավարտից հետո նկատելի են բևեռացումներ, որոնք ուղեկցվում են պիտակավորումներով: Հանրության տարբեր շերտեր անհարկի վիրավորանքների թիրախ են դարձել. սպառնալիքներ են հնչում և հայի միասնականության ոգուն անհարիր երևույթներ դրսևորվում:


Մեր կողմից անընդունելի և դատապարտելի է ազգին համախմբող բարոյական և պետական հիմքերի խարխլումը, հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը, որի արդյունքում ի հայտ են գալիս արհեստածին, լարված իրավիճակներ: Հատկապես վտանգավոր են այն հայտարարությունները, որոնք կարող են սեպ խրել Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև:


Կոչ ենք անում բոլորին իրենց կարծիքն ու մոտեցումները արտահայտելու գործում լինել հավասարակշիռ, հանդուրժող և հարգալից մոտեցում ցուցաբերել միմյանց նկատմամբ: Միասնականությունը մեր հայրենիքին պատուհասած այս դժվարին օրերին կարևոր շաղախն է մեր կորցրածը հետ բերելու, այս ծանր ճգնաժամը հաղթահարելու և ի վերջո ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հավատը վերականգնելու համար:


Համոզված ենք, որ խորհրդարանը, լինելով հանրության կողմից ձևավորված քաղաքական մարմին, կարող է ծառայել որպես երկխոսության լավագույն հարթակ հանրային պահանջները ներկայացնելու, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների տեսակետները առարկայական դարձնելով և գործնականի վերածելու համար», - ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են՝  


«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ–ՔՄԴ» 


«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ»  


«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»  


«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ»  


«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցությունները: