23.11.2024
Պաշտոնանկություններ Զինված ուժերում. ազատվել են ՀՕՊ զորքերի պետը, ինժեներական զորքերի պետը
prev Նախորդ նորություն

«Ապագա կա» կարգախոսն ինձ համար շատ հետաքրքրական է. Աճեմյանը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ:


Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Աճեմյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մեր ավանդական կուսակցություններից է և էական ազդեցություն ունի նաև Սփյուռքում: Այսօրինակ շփումները շատ կարևոր են մեզ համար, որպեսզի նաև Սփյուռքի որոշակի հատվածի ձայնը լսելի լինի մեզ համար և նաև ձեր միջոցով մեր ձայնը լսելի լինի Սփյուռքի մեր հայրենակիցների համար:


Ես ծանոթացել եմ ընտրությունների վերաբերյալ Ձեր գնահատականներին և ուրախ եմ արձանագրելու, որ, ըստ էության, մեր գնահատականները համընկնում են: Եվ Հայաստանը, կարող ենք արձանագրել, որ անշրջելիորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, ինչը նոր դաշտ և հնարավորություններ է ստեղծում կուսակցական և քաղաքական գործունեության համար: Հույս ունեմ, որ դա նկատելի է նաև Ձեր կողմից, տեսնում եմ, որ նկատելի է նաև Ձեր կողմից, ինչի համար շատ ուրախ եմ: Համեցեք:


Սեդրակ Աճեմյան - Ես եմ շնորհակալ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Նախևառաջ, շնորհավորում եմ առաջին հերթին մեր ժողովրդին, որ իրենց մտորումներով ճիշտ ընթացք տվեցին այս ընտրություններին: Եվ մենք ուրախ ենք, որ այսօր վերստին Ձեզ պիտի տեսնենք վարչապետի առաջիկա աթոռին: Բնականաբար, ահագին դժվարություններ կան, և այդ ամենն ընդունելով՝ մենք, իբրև կուսակցություն, պատրաստ ենք համագործակցելու պետականության շուրջ՝ կառավարության կողքին և մասնավորաբար, Ձեր կողքին: Դա Հնչակյան կուսակցության որոշումն է՝ աշխարհասփյուռ և հայաստանյան մեր բոլոր շրջանակներում այդ տրամադրությունը շատ բարձր է: Այս օրերին բավական ոգևորություն կա մեզ մոտ՝ առաջիկան ավելի փայլուն տեսնելու քաղաքականությամբ:


Ես շատ լավ եմ հիշում ընտրական քաղաքականության ժամանակաշրջանում «Ապագա կա» կարգախոսը: Եվ իրապես՝ մենք նույնպես համոզված ենք, որ ապագա կա: Ապագան կերտելու համար մնում է համագործակցության խնդիրը, բնականաբար: Սփյուռք-Հայրենիք համագործակցության և հանդիպումների զարգացման վերաբերյալ առաջարկներ վաղուց եղել են թե՛ մեր կուսակցության, թե՛ ընդհանուր մտորումների լույսի ներքո: Առաջիկայում սպասում ենք, որ այդ համագործակցությունը լինի և համազգային մարմնի ստեղծման գաղափարն առաջ տանենք: Մեր կուսակցությունը կարծում է, որ դա օգտաշատ է ընդհանրապես, որ բարձր գնահատականով ցույց տանք, որ ապագա կա: «Ապագա կա» կարգախոսն ինձ համար շատ հետաքրքրական, սիմվոլիկ երևույթ է դարձել, անկեղծորեն, շատ անգամ նույնիսկ իմ սովորական կյանքում էլ եմ օգտագործում: Որովհետև ապագան հույսն է ընդհանրապես՝ արտագաղթի դեմ և այլն: Շատ այլ երևույթներ կան, որոնք հուզում են մեր ժողովրդին: Դրանք ամբողջացնելու համար անհրաժեշտություն է հույս ունենալ: Հույսը ինքնին ապագան է: Այդպիսին է մեր համոզմունքը:


Զրուցակիցները քննարկել են Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդմանը, համազգային ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: