23.11.2024
Նախագահը հույս ունի, որ ԼՀԿ-ն ակտիվ գործունեություն կծավալի խորհրդարանից դուրս
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հոգեբանական տոտալ գրոհ է սկսել արցախցիների նկատմամբ. փորձագետ

Վերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկման հարց է դարձել ադրբեջանցիների՝ արցախցիներին արվող հեռախոսազանգերը, որով վերջիններս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Այս հարցին, երեկ անդրադարձել էր մեր գործընկեր Նաիրի Հոխիկյանը, ով փոխանցում էր արցախցիների շրջանում եղած անհանգստությունները:


Ադրբեջանցիների փոխանցած հիմնական միտքն այն է, որ ցանկացած պարագայում Արցախը հանձնվելու է, իսկ մենք առաջարկում ենք վաճառել ձեր բնակարանները:


Երեկվանից Արցախում ապրող ծանոթներիս եմ գրում, փորձում հասկանալ, թե խոսքը մեկ-երկու զանգի մասին է, թե այն առավել զանգվածային բնույթ է կրում:


Դեռ չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել, բայց ակնհայտ է, որ ադրբեջանցիների զանգերը մեկ-երկու տասնյակով չեն սահմանափակվում:


Այստեղ իրականում երկու հիմնական խնդիր կա: Առաջինը, ակնհայտ է, որ Ադրբեջանը հոգեբանական տոտալ գրոհ է սկսել արցախցիների նկատմամբ՝ փորձելով վախի մթնոլորտի դոզայի բարձրացմամբ արագացնել Արցախի հայաթափումը:


Երկրորդ, «սատանայական գործարք» է առաջարկում մարդկանց, փորձելով Արցախի նկատմամբ վերահսկողությունը ապահովել այդ ճանապարհով:


Ցավոք, սպասելի գործընթացներ են և առաջիկայում նմանատիպ գործիքների կիրառումն առավել համատարած բնույթ է կրելու:


Այս ամենն առավել ողբերգական է դառնում Հայաստանի իշխանությունների՝ գործընթացից դուրս գալու և Արցախի էջը վերջնականորեն փակելու ֆոնին:


Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները երես են թեքել այս հարցից, արցախցիներից քաղաքական, հասարակական դաշտը, առհասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են պահի լրջությունը, պետք է թիկունք կանգնեն մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող հայությանը՝ ով, ինչպես կարող է:


Պետք է կանգնել արցախցիների կողքին, սատարել ինչով որ հնարավոր է: Միաժամանակ պետք է հիշել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հավակնություններն Արցախով չեն սահմանափակվելու և Արցախի հարցով ցանկացած զիջում նոր ճանապարհ է բացելու ՀՀ տարածքի կորոստների համար: