Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարել է Հայաստանից ծիրանի արտահանման վեցապատիկ աճի մասին:
«Ուզում եմ մի լավ նորություն ասել. այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է արդեն 86 հազար տոննա թարմ գյուղմթերք, որը կրկնակի ավել է, քան անցած տարի», - հայտարարել է Քերոբյանն այսօր՝ հունիսի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի Հայաստանում արտադրվել է 43 հազար տոննա ծիրան, իսկ մինչ օրս արդեն 86 հազար տոննա է: «Ծիրանի մասով մինչեւ այս պահը մոտավորապես 12 800 տոննա ծիրան է արտահանվել, ընդ որում լավ գնով, որովհետեւ այս տարվա բերքը լավն է: Նախորդ տարի ընդամենը եղել է 1800 տոննա, իսկ 2019-ին եղել է 2100 տոննա: Այսինքն աճել է 6 անգամ»,- ասել է նա:
Քերոբյանը նաև խոսել է ընտրություններից հետո գործարարների շրջանում առկա տրամադրությունների մասին՝ նշելով, որ իշխանափոխության պարագայում շատ տնտեսվարողներ կարտագաղթեին:
«Իմ շրջապատն անհամեմատ ավելի մեծ է, քան ձերը։ Տնտեսվարողների, բիզնեսմենների 90 տոկոսը ինձ խոստովանում էին, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, ապա իրենք կարտագաղթեն։ Ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանում եղած ամբողջ ներուժը համախմբենք», - նշել է նա։
Նրա խոսքով, Հայաստանն այնքան փոքր է, ռեսուրսներն էլ այնքան քիչ են, որ «մենք իրավունք չունենք մսխել այդ ռեսուրսները»։ «Ես ուզում եմ կոչ անել բոլոր գործարարներին, որովհետև իրենք ամենահայրենասեր մարդկանց կատեգորիայից են, լծվել երկրի շենացման գործին»,- ասել է նա։
Քերոբյանի խոսքով, իհարկե, արտագաղթողներ էլ կան. «Մարդկանց մի մասը հիասթափված է 44-օրյա պատերազմի արդյունքից, միգուցե նաև կառավարության աշխատանքից։ Իհարկե, մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որպեսզի այդ հիասթափությունը առիթ չդառնա գնալու։ Այս խորհրդարանական արտահերթ ընտրությունը հայ ժողովրդի ընտրությունն է, այդ ընտրությունը պետք է հարգվի»։