Հայաստանում աշխատատեղերի թվի «աննախադեպ աճ» է գրանցվել. քննարկում կառավարությունում
Կառավարության հունիսի 24-ի նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանում աշխատատեղերի թվի «աննախադեպ աճին»: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարել է, որ այս տարվա մայիսին Հայաստանում աշխատատեղերի թվի աննախադեպ աճ է գրանցվել։
Նրա խոսքով, 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված զրոյից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար։ Այս ցուցանիշը, նշել է նա, աննախադեպ է և կրկնել է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրված ամենաբարձր 632 հազար ցուցանիշին։
«Այս ցուցանիշն ավելի է 2018, 2019 և 2020 թվականների համադրելի տվյալներից։ Մասնավորապես, 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավելի է 34 հազարով, 2019 թվականի համեմատ 37 հազարով և 2018 թվականի համեմատ 87 հազարով»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ աճել է նաև բոլոր հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134․7 մլրդ դրամ։
Թեմային անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով որ 2021 թվականի մայիսին արձանագրվել է 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018 թվականի մայիսն էր։ «Աշխատավարձի ֆոնդը 2021-ի մայիսին 2018-ի նույն ամսի համեմատ աճել է 38 մլրդ դրամով կամ 39 տոկոսով։ Եվ մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35 714 դրամով կամ 20․2 տոկոսով», - ասել է նա՝ հավեվելով, որ դեռ պետք է պարզել որքանով են այս թվերն ապահովվում ստվերից դուրս եկած աշխատատեղերի շնորհիվ և որքանով նոր աշխատատեղերի շնորհիվ։
«Բայց այնուամենայնիվ մեր վերլուծությունների ու քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա», - ասել է նա։