22.11.2024
Եղեգնաձորում կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ. ԸՎԿ
prev Նախորդ նորություն

Ընտրեք երկրի պատիվն ու արժանապատվությունն արտաքին աշխարհում պաշտպանած ուժերին. Հակոբյան

Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հունիսի 20-ին քվեարկել երկրի պատիվն ու արժանապատվությունն արտաքին աշխարհում պաշտպանած ուժերի՝ "Պատիվ ունեմ" կամ "Հայաստան" դաշինքների օգտին, որպեսզի ապրենք խաղաղ, համերաշխ և զարգացող պետությունում:


"Աշխարհում և հատկապես ժողովրդավարական հասարակություններում յուրաքանչյուր համապետական ընտրությունից առաջ իշխանությունը հաշվետվություն է ներկայացնում ընտրողներին իր կատարած աշխատանքների մասին, հիմնավորում, թե ինչպես է ապահովել երկրի պաշպանությունն ու անվտանգությունը, ինչ արդյունքների է հասել տնտեսության բնագավառում, որ ոլորտներն են զարգացել, որքանով են ավելացել ներդրումները, որքանով են կրճատվել աղքատությունն ու գործազրկությունը, ինչպես են լուծվել տարեց մարդկանց, հիվանդների, հաշմանդամություն ունեցող, անօգնական անձանց, երեխաների հիմնախնդիրները, սոցիալական ապահովության հարցերը, որքանով է բարձրացել հասարակության բարեկեցության մակարդակը, կյանքի որակը…


Իշխանությունը պարտավոր է զեկուցել հասարակությանը, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարել, որքանով է խորացրել ռազմավարական գործընկերների, հարևան պետությունների հետ հարաբերությունները, ինչ նոր գործընկերներ է ձեռք բերել, որ միջազգային կառույցն է հայանպաստ որոշումներ կայացրել և այլն: Գործող իշխանությունը, ժողովրդին հաշվետվություն տալով, հասարակությունից հայցում է նոր ժամկետ՝ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը շարունակելու նպատակով:

Ընդդիմության հիմնական խնդիրն է վեր հանել և քննադատել իշխանության սխալներն ու բացերը, ներկայացնել պետության զարգացման իր տեսլականը և հեռանկարները, ակնկալել ընտրողների հավանությունն ու վստահությունը՝ իշխանության գալու համար, որպեսզի կարողանա կյանքի կոչել իր ծրագրերը և շտկել այն սխալները, որ թույլ է տվել գործող իշխանությունը, փրկել այն արհավիրքից, որի մեջ հայտնվել է երկիրը:

Ավարտին է մոտենում քարոզարշավը։ Դուք ծանոթացաք իշխանության և ընդդիմության տեսակետներին: Իշխանությունը, փոխարենը հաշվետվություն տալու, թե ինչու օր առաջ չկագնեցվեց պատերազմը, թե ինչու վատթարացավ ՌԴ-ի, Իրանի հետ մեր բարեկամական հարաբերությունները, թե ինչու գաղտնի փաստաթղթեր ստորագրվեցին, թե ինչու են մեր տղաները տառապում ադրբեջանում և դատվում որպես ռազմական հանցագործներ՝ ‹‹կիրթ, կառուցողական›› ալիևի հանձնարարությամբ, թե ինչու է թշնամին ներթափանցել մեր երկիր և խորացել մեր պետական սահմանից ներս, թե ինչու բանակի վերազինման համար չվերանայվեց պետական բյուջեն և ինչու զբոսաշրջության զարգացման ծրագրի / 7,6 միլիարդ դրամ/, պարգևավճարների /11.4 միլիարդ դրամ,/, ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման /16,2 միլիարդ դրամ/, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի /3,8 միլիարդ դրամ/, խորհրդատվությունների, վերապատրաստումների, առանձնատները վերանորոգելու/մոտ 0,5 մլդ./ և այլ գումարների մի մասը չուղղվեցին զինված ուժերի վերականգման և ռազմարդյունաբերական համալիրի արդիականացման նպատակներին…

Այս և բազմաթիվ այլ հարցերին պատասխանելու փոխարեն՝ տեղաց լուտանք ու վիրավորանք, հնչեցրեց անարգանք պարունակող խոսքեր, ցուցադրվեցին անընդունելի տեսարաններ, իրականացվեց չարության նոր չափաբաժիններով հասարակությունն ալեկոծող և աշխարհին զարմացնող քարոզչություն՝ ‹‹Ով ինձ հետ չէ, պետք է մեխի պես տեղահան արվի ու դեն նետվի, մուրճի ծանրությունն իր վրա զգա, բանտարկվի…›› տրամաբանությամբ. մի՞թե սա է ժողովրդավարության վերաբերյալ աշխարհին ներկայացված՝ հայկական իշխանության տեսլականը:

Սիրելի՛ բարեկամներ,
անառարկելի է, որ մենք ամբողջ կյանքում կանգնած ենք ընտրության առջև՝ ընտրում ենք մեր խնդիրների լուծումները, ընտրում այդ պահին հնարավոր որոշումներից առավել ճիշտն ու ընդունելին /միայն չենք ընտրում մեր ծնողներին, քույրերին ու եղբայրներին և մեր ծնդավայրը/:

Այսօր կանգնած ենք լուրջ ու անչափ կարևոր ընտրության առջև. միասնաբար լուծելու ենք մեր Հայրենիքի փրկության հարցը, մեր ազգային պետության լինելիության և հայեցի հեռանկարի ապահովման, ուժեղ, անվտանգ Հայաստան կառուցելու հարցը, որը, կարծում եմ, մեր ողջ ազգի երազանքն է, նվիրական փափագը:
Պահն է վեր կանգնելու ատելության ու թշնամանքի, սիրել-չսիրելու, չարության ու դժգոհության, ‹‹սևերի և սպիտակների››, ‹‹նախկինների և նորերի›› մեզ պարտադրված հոգեվիճակից, պահն է այս ընտրապայքարի բոցերում այրելու ցանկացած հակասություն ու վրդովմունք, մոռանալու զրպարտություն ու վիրավորանք, անցնելու ինքնամաքրման քուրայով, որպեսզի ի զորու լինենք միասին կերտելու մեր նոր, ուժեղ, անվտանգ, ազատ ու անկախ Հայրենիքը։

Սիրելի՛ քույրեր, մայրեր, տատիկներ, ավելի քան հարյուր տարի առաջ մեր քույրերն իրենց նետում էին ժայռերից, խեղդվում Եփրատի ջրերում՝ միայն թե թուրքի ձեռքը չընկնեին ու չանարգվեին: Հիմա ոսոխին դիմակայելու և ստեղծված ծայրահեղ ծանր վիճակը շտկելու համար ձեզանից խնդրում ենք ժամանակ տրամադրել և անպայման գնալ ընտրատեղամաս՝ քվեարկելու հանուն ուժեղ և ապահով Հայաստանի:

Սիրելի՛ հայրեր և պապիկներ, եղբայրներ և որդիներ, դարեր շարունակ մեր նախնիներն ազգային-ազատագրական պայքար են մղել՝ չխնայելով իրենց կյանքը։ Մենք պարտք ենք բոլոր հայ նահատակների, Արցախյան պատերազմի հերոսների հիշատակի առջև։ Ուստի, խնդրում ենք գնալ ընտրատեղամաս՝ քվեարկելու իսկապես արժանապատիվ կյանքի և խաղաղության համար, որպեսզի այլևս չունենանք նոր զոհեր, որդեկորույս մայրեր, այրիացած կանայք և անհայր մեծացող մանուկներ:

Սիրելի՛ երիտասարդներ,
ընտրելով ուժեղ, խելացի, կարող անձանց, փորձ և իրական վաստակ ունեցող գործիչների՝ ձեր ապագան չեք դնելու հարցականի տակ, այլ հնարավորություն եք ստանալու՝ ապրել ողնաշարը շտկող և վերածնվող ուժեղ Հայաստանում:

Հարգելի՛ հայրենակիցներ, եթե չեք ցանկանում, որ 2021 թվականի հունիսի 21-ից հետո դողդողացող ձայնով ձեզ բացատրեն ու փորձեն համոզել, որ պատերազմից խուսափելու համար պետք է թշնամուն հանձնենք նաև Վարդենիսի, Տավուշի, Սյունիքի, Արարատի գյուղերից՝, ապա կոտրեք ցավալի պարտությունների արատավոր ու անպատվաբեր շղթան և ձեր ձայնը տվեք պատերազմներ հաղթած, թուրքին ծնկի բերած, երկրի պատիվն ու արժանապատվությունն արտաքին աշխարհում պաշտպանած ուժերին՝,,Պատիվ ունեմ,, դաշինքին՝ 6-րդ քվեաթերթիկ կամ ,,Հայաստան,, դաշինքին՝ 24-րդ քվեաթերթիկ, որպեսզի ապրենք խաղաղ, համերաշխ և զարգացող պետությունում՝ Հայոց ոստան Հայաստանի Հանրապետությունում:

Ես հավատում եմ հայ ժողովրդի հավաքական իմաստնությանը",- ասված է հայտարարության մեջ: